Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչը մասնակցում է «Կրոններն` աշխարհում խաղաղության համար ութերորդ համագումարին»
Հայ Առաքելական Եկեղեցին առաջին անգամ մասնակցում է «Կրոնները խաղաղության համար» եռօրյա համաշխարհային համագումարին, որն սկսվել է սույն թվականի օոգոստոս 26-ին Ճապոնիայի Կյոտո քաղաքում:
Համագումարին մասնակցում են ավելի քան 500 ներկայացուցիչներ` կրոնական առաջնորդներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Համագումարի թեման է. «Կրոններն աշխարհում խաղաղության համար, բռնության դիմագրավում եւ համընդհանուր անվտանգություն ձեռք բերում»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համագումարին մասնակցում է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, ով ներկաներին կհղի Վեհափառ Հայրապետի ուղերձը:
«Կրոնները խաղաղության համար» կազմակերպությունը` միջկրոնական խորհուրդների եւ խմբերի համագործակցություն է, որի նպատակն է խթանել համագործակցությունը ողջ աշխարհի կրոնական համայքների միջեւ, ինչպես նաեւ նպաստել առկա հակամարտությունների վերացմանը աշխարհում` խաղաղությունն ամրապնդելու եւ կայուն զարգացում ապահովելու համար:
«Կրոնները խաղաղության համար» պատմական առաջին համագումարը կայացել է Ճապոնիայի Կյոտո քաղաքում 35 տարի առաջ:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
օրհնության գիրը
Կրոնները Խաղաղության համար 8-րդ համագումարի մասնակիցներին
Կյոտո, Ճապոնիա
26-29 օգոստոս, 2006 թ.
Հոգեւոր այրեր եւ հարգարժան մասնակիցներ,
Հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Խաղաղության համար 8-րդ համագումարի կազմակերպիչներիդ եւ մասնակիցներիդ, որ ձեր գովարժան աշխատանքների համար համախմբվել եք ճապոնիայի Կյոտո քաղաքում:
Կրոնները Խաղաղության համար« կազմակերպության հովանավորությամբ տարբեր ազգերի ու ժողովուրդների հոգեւոր առաջնորդներդ, քաղաքական եւ հասարակական գործիչներդ, ձեր օգտակարությունն ու նպաստն եք բերում` աշխարհում խաղաղության եւ անվտանգության, ազգերի ու ժողովուրդների միջեւ վստահությունն ու համագործակցությունը խրախուսելու, տարբեր կրոնների ներկայացուցիչների միջեւ հարագանքն ու փոխհամաձայնությունը ամրապնդելու նպատակով:
Երանի խաղարարներին, որոնվհետեւ նրանք պիտի Աստծո որդիները կոչվեն« (Մտթ. 5.9): Արդարեւ, կարեւոր են բարի կամքի տեր անձանց նվիրումն ու ջանքերը ինչպես քաղաքական եւ տնտեսական, այնպես էլ հոգեւոր ու մշակութային մարտահրավերներով խաղաղության հաստատման ճանապարհին:
Հայ ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անունից ներկաներիդ ենք հղում արդյունավետ աշխատանքի Մեր բարեմաղթանքները: Հայ Ժողովուրդը, ով դարեր ի վեր ձգտել է խաղաղության ու ստեղծագործ կյանքի, իր հավատքի եւ իր հայրենի երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար ենթարկվել է հալածանքի ու ցեղասպանության, գիտի խաղաղության գինը եւ այսօր աղոթական իր ջանքերն է ներդնում աշխարհի ժողովուրդների բարօր եւ բարգավաճ ու պայծառ ապագայի համար:
Մեր աղոթքն է առ ամենախնամ Տերը, որպեսզի Իր հովանի Աջով պահպանի ու զորացնի այն բոլոր մարդկանց, որվքեր իրենց կյանքով ու գործով նպաստում են խաղաղության աստվածահաճո գործին:
Այլեւ հայցում ենք Աստծուց, որ Իր սիրով լուսավորի ձեր մտքերը` առաջնորդելու ժողովուրդներին ստեղծագործ կյանքի բարի ուղիով: Թող Ամենակալն Աստված անսասան պահի այս հյուրընկալ երկիրը, այստեղ ապրող ժողովրդին եւ ձեզ բոլորիդ: Բարի ընթացք Ձեր աշխատանքներին:
Օրհնությամբ`
Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց